Իրավապաշտպաններն ահազանգում են՝ Բաքվի բանտերում մեկուսացման մեջ հայտնված հայ գերիների կյանքը վտանգված է. արտաքին աշխարհից մեկուսացված հայերի ֆիզկական և հոգեկան բռնությունները կարող են ընդհուպ հանգեցնել մահվան:
«Կարող են տեղի ունենալ այնպիսի արտակարգ զարգացումներ, ինչը կհանգեցնի կյանքից զրկվելու դեպքերի: Նման ռիսկը շատ բարձր է», - ասում է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն Ադրբեջանում միակ անկախ միջազգային կառույցն էր, որ կարողանում էր անցած տարիների ընթացքում այցելել բանտարկված հայերին, զբաղվել նրանց առողջական խնդիրների լուծմամբ, անհրաժեշտ հագուստ ու հիգիենայի պարագաներ փոխանցել, ինչպես նաև տեսակապ ապահվել հարազատների հետ:
Միջազգային կազմակերպության փակմանն ընդառաջ՝ Ադրբեջանի իշխանությունները անցած հուլիսին արդեն իսկ կառույցի ներկայացուցիչներին թույլ չէին տվել այցելել հայ գերիներին և ծանոթանալ նրանց վիճակին: Այժմ գերիների հետ ընտանիքների միակ կապը Ադրբեջանի իշխանությունների վերահսկողությամբ կազմակերպած հեռախոսազանգերն են: Այսինքն հայ գերիները Բաքվի բանտերում հայտնվել են փաստացի մեկուսացման մեջ:
Այս իրավիճակը խիստ մտահոգում է, թե հայ գերիների հարազատներին, և թե իրավապաշտպաններին: Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանն ընդգծում է՝ մեկուսացման պայմաններում անհնար է անմիջական դիտարկումներ իրականացնել և տեղեկություններ հավաքագրել հայերի փաստացի դրության վերաբերյալ: Իսկ սա, ըստ նրա, մեծացնում է թե՛ ֆիզիկական, և թե՛ հոգեկան խոշտանգումների ռիսկը:
Սահակյանն ահազանգում է՝ այս իրավիճակում չեն կարող բացառել նաև գերիների մահվան դեպքերը, «ինկոմունիկադո», այսինքն արտաքին աշխարհից մեկուսացման պայմաններում ազատազրկմումների հիմնական ելքերը ուղեկցվում են կյանքից զրկելու միջադեպերով:
«Դա միջազգային ստանդրատներով արձանագրված է ռիսկ է, որի մասին կան բազմաթիվ իրավական դիրքորոշումներ, միջազգային ստանդարտներ: Դա հիմնավոր ռիսկ է», - ընդգծում է իրավապաշտպանը:
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն Բաքվի պահանջով սեպտեմբերին պաշտոնապես կլքի Ադրբեջանը: Այս կապակցությամբ նախօրեին արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ընդունել էր ԿԽՄԿ-ի ներկայացուցչության ղեկավարին:
Չնայած Ադրբեջան ինքն չի ցանկանում, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն շարունակի աշխատել երկրում, սակայն պաշտոնական Բաքվի փոխանցմամբ՝ Բայրամովը կարևորել է կազմակեպության հետ համագործկացությունը շարունակելու կարևորությունը:
Ինչպես ադրբեջանական լրատավամիջոցներն են փոխանցում, ըստ Բայրամովի, դա հնարավոր կլինի իրականացնել Ժնևում գործող գլխավոր գրասենյակի միջոցով: Թե ինչպե՞ս է կազմակերպությունը Ժնևից իրականացնելու Բաքվի բանտերում պահվող հայ գերիների իրավունքների պաշտպանությունը, անհասկանալի է:
Իրավապաշտպանների առաջարկն ու ԱԳՆ-ի լռությունը
Հաշվի առնլով հայ գերիների փաստացի մեկուսացումն ու դրանից բխող վտանգները, Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը և տասից ավելի հասարակական կազմակերպություններ նամակով դիմել են Հայաստանի արտգործնախարարությանը՝ խնդրելով դիմել չեզոք որևէ երկիրի, որի հյուպատոսական ծառայողները կայցելեն հայ գերիներին և տեղում կծանոթանան նրանց վիճակին: Միջազգային պայմանագրերը, ըստ իրավապաշտպանի, նման սուվերեն իրավուք նախատեսնում են:
Սիրանուշ Սահակյանն ասում է՝ այդ չեզոք երկիրը կարող է լինել Շվեցարիան, որին արդեն նամակ են հղել և ունեն դրական արձագանք:
«Պատրաստ են քննարկել որպես 3-րդ երկիր այդ իրավունքը իրացելու հարցը և գործընթացի մեկնարկի համար կարևորել են Հայաստանի կողմից դիմումի ներկայացումը: Դիմեն և խնդրեն, որ Հայաստանի փոխարեն իրացնեն Հայաստանի քաղաքացիներին տեսակցելու իրավունքը»:
Իրավապաշտպանն ասում է՝ եթե Հայաստանը դիմի այս հարցով Շվեցարիային կամ որևէ այլ երկրի, ապա դա Ադրբեջանի համար արդեն կդառնա պարտականություն՝ ապահվելու այդ իրավունքի իրացումը:
Սակայն գլխավոր խնդիրը այն է, որ Հայաստանի արտգործնախարարությունը իրավապաշտպանների այս դիմումը արդեն 3 ամիս է անարձագանք է թողել: Ըստ Սահակյանի՝ ԱԳՆ-ում իրենց առաջարկը դեռ քննարկում են և շուրջ 3ամիս է չեն հստակցենում՝ Երևանը պատրա՞ստ է Ադրբեջանում գերեվարված Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցով դիմել որևէ երրորդ երկրի, թե՝ մերժում է այս առաջարկը:
Պատասխանի բացակայությունը իրավապաշտպանին հուշում է, որ «այս պահին կամք չկա դիմելու և իրացանելու հյուպատոսական այցելության իրավունքը»:
Իսկ գո՞ւցե պատճառը խաղաղության պայմանագրի ստորագրման չվնասելու մտավախությունն է. - «Իրավունքի իրացումը չի կարող խոչընդոտել, եթե այդպես է, ուրեմն հայերի հետ կապված որևէ իրավունքներ թող չպաշտպանեն: Դա անթույլատրելւ և վտանգավոր թեզ է», - արձագանքում է իրավապաշտպանը:
Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանն այս հարցի առնչությամբ «Ազատությանն» այսօր փոխանցեց, որ «գերիների խնդրին անդրադարձ եղել է վերջերս՝ բարձրագույն մակարդակով, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 16-ի մամուլի ասուլիսում ընդգծեց, որ չկա որևէ բանակցություն, չկա որևէ խոսակցություն, երբ գերիների խնդրին չի տրվում պատշաճ, անհրաժեշտ տեղ»։
«Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիների խնդրի հասցեագրումը շարունակում է գտնվել Հայաստանի արտգործնախարարության ուշադրության կենտրոնում՝ պարբերաբար և տարբեր առումներով բարձրացվելով միջազգային գործընկերների հետ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում», - հայտնել է Բադալյանը:
ԱԳՆ-ն, սակայն, այդպես էլ հստակ չի պատասխանում՝ արդյոք պատրա՞ստ է պաշտոնապես դիմել որևէ երրորդ երկրի, օրինակ Շվեյցարիային Բաքվի բանտերում պահվող Հայաստանի քաղաքացիներին տեսակցելու իր իրավունքը իրացնելու նպատակով: Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում 23 հայ է բանտարկված: