ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի նկատմամբ, եթե Մոսկվան չհամաձայնի հրադադար հաստատել Ուկրաինայում, Newsmax-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահը։ Դոնալդ Թրամփը, միաժամանակ հավելել է, որ Ռուսաստանի նախագահը գիտի, թե ինչպես աշխատել սահմանափակումների պայմաններում և շրջանցել դրանք:
Սպիտակ տան ղեկավարը կրկնել է՝ Վլադիմիր Պուտինի հետ մի քանի բանակցություններից հետո կարծում էր, որ Ռուսաստանն ի վերջո կհամաձայնի հրադադար հաստատել Ուկրաինայում, սակայն յուրաքանչյուր նման բանակցությունից հետո ռուսական զինուժը վերսկսել է հարվածներն ուկրաինական քաղաքներին։
«Ես բազմիցս եմ խոսել Պուտինի հետ, և ըստ իս՝ մենք հիանալի զրույցներ ենք ունեցել։ Հետո տուն էի վերադառնում և տեսնում, որ Կիևը և մի քանի այլ քաղաքներ ռմբակոծվել էին, մարդիկ էին մահացել»,- ասել է Թրամփը։
Լրագրողն ԱՄՆ նախագահին նաև հարցրել է, թե փոխվե՞լ է նրա կարծիքը Պուտինի մասին վերջին մի քանի ամիսներին։ «Նա ակնհայտորեն համառ մարդ է, այդ առումով ոչինչ չի փոխվել։ Բայց ես զարմացած եմ։ Մենք շատ լավ զրույցներ ենք ունեցել, որոնց ընթացքում կարող էինք վերջ դնել այս իրավիճակին, իսկ հետո հանկարծ սկսում էին ռումբեր արձակվել», - ասել է նա։
Թրամփը, ի պատասխան Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր պատերազմի մասին Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունների՝ ավելի վաղ ասել էր, որ ամերիկյան միջուկային սուզանավերը տեղակայվել են Ռուսաստանի մերձակայքում։ Անդրադառնալով այս հարցին՝ ԱՄՆ նախագահն ասել է, որ սուզանավերն «ավելի մոտ են Ռուսաստանին»։
Financial Times-ը նշում է, որ ԱՄՆ-ն, սուզանավերի մասին հայտարարություններով, ցանկանում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայի հարցում առաջընթացի բացակայության պատճառով։
«Այս ուղերձը, հավանաբար, ոչ այնքան ԱՄՆ ռազմական պատրաստվածության մասին է, որքան այն մասին, որ նախագահը ցանկանում է ուղերձ փոխանցել Ռուսաստանին, որ անձամբ դժգոհ է Ուկրաինայում խաղաղությանն ուղղված բանակցություններում էական առաջընթացի բացակայությունից, և որ այդ ուղերձը մատուցվում է ոչ թե դիվանագիտական հնարքներով, այլ բացահայտ և կտրուկ», - Financial Times-ին ասել է ԱՄՆ ռազմածովային ուժերի նախկին փոխնախարար Էրիկ Ռեյվենը։
Իր հերթին, The New York Times-ը գրում է, որ միջուկային սուզանավերի տեղաշարժը Պենտագոնի ամենագաղտնի գործողություններից մեկն է, ուստի հայտնի չէ, թե արդյոք ԱՄՆ նախագահն իրականում սուզանավերն ուղարկե՞լ է Ռուսաստան, թե՞ պարզապես հայտարարություն է արել։ Թերթը հիշեցնում է, որ ռազմավարական սուզանավերը կարող են հարվածել հազարավոր կիլոմետրեր հեռավորությունից, և դրանց վերատեղակայումը միայն կարող է բացահայտել դրանց գտնվելու վայրը։
«Միջուկային հզորության հրապարակային ցուցադրումը հազվադեպ է նույնիսկ Թրամփի համար, որը միջուկային զենքով վերջին անգամ բացահայտո սպառնացել էր Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին՝ իր պաշտոնավարման առաջին ժամկետի սկզբում՝ 2018-ին», - նշում է The New York Times-ը։ Թրամփն այդ ժամանակ ասել էր, որ իր «միջուկային կոճակը շատ ավելի մեծ է և ավելի հզոր»։