Մատչելիության հղումներ

«Մոսկովսկի կոմսոմոլեցը» Ադրբեջանը համեմատել է նացիստական Գերմանիայի հետ


Ռուսական «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը Ստեփանակերտում տեղադրված նկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարձանն ապամոնտաժելուց հետո Ադրբեջանը համեմատել է նացիստական Գերմանիայի հետ։

«Բաքուն, հետևելով Ուկրաինային, պատերազմ է հայտարարում հուշարձաններին» , երեկ վերնագրել է ռուսական թերթը հոդվածներից մեկը՝ զուգահեռ է անցկացնելով Այվազովսկու հուշարձանի ու Գերմանիայում նացիստների իշխանության գալուց հետո հրեական ծագում ունեցող ֆիզիկոս Հենրիխ Հերցի կիսանդրին քանդելու միջև։

Երեկ էլ ադրբեջանական կայքերն էին հոդվածներ հրապարակել՝ ռուսական տեղանունների փոխարեն կիրառելով դրանց պատմական տարբերակները։ «Մինվալը», օրինակ, Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքը անվանել էր Քյոնիգսբերգ՝ ի պատասխան ռուսական պետական ՏԱՍՍ-ի նախօրեի հաղորդագրության, որտեղ օգտագործվել էր Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի հայկական տեղանունը՝ Ստեփանակերտը։ Մեկ այլ հոդվածում էլ Օրենբուրգ քաղաքը կոչվել էր Օրինբոր, իսկ Վոլգա գետը՝ Իտիլյու։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պահանջել էր, որ ՏԱՍՍ-ը ներողություն խնդրի՝ Ստեփանակերտ անվան օգտագործումը համարելով «անհարգալից վերաբերմունք և վիրավորանք Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ»։ ՏԱՍՍ-ը տեքստից հանել էր Ստեփանակերտ-ը, բայց ներողություն չէր խնդրել։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG