Ոչ թե պաշտպանական, այլ քաղաքական նշանակություն պետք է փնտրել հաջորդ շաբաթ Հայաստանում մեկնարկող հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններում։ «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանը չի կարծում, որ արդեն երրորդ տարի անընդմեջ տեղի ունեցող այս զորավարժությունները կարող են վճռորոշ դեր ունենալ Հայաստանի պաշտպանական համակարգի վրա։
«Ամեն դեպքում մենք խոսում ենք խաղաղապահ գործողությունների, խաղաղապահ բրիգադի մասին: Ես ավելի շատ կասեի՝ սրա նշանակությունը ոչ այնքան զուտ պաշտպանական է, ինչքան քաղաքական, որը ցույց է տալիս, որ հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցությունը, որը վերջին տարիներին ինտենսիվացել է, շարունակվում է», - ասաց Պողոսյանը:
Օգոստոսի 12-20-ը Հայաստանում անցկացվող «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությանը ներգրավված կլինեն Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները:
Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Փորձագետի խոսքով՝ չի բացառվում, որ այս ձևաչափով հայ-ամերիկյան զորավարժությունը թույլ կտա հետագայում ավելի ընդլայնել վարժանքների տեսակները։
«Մի բան հստակ է, որ հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցությունը շարունակվում է, իսկ շարունակությունը առնվազն չի բացառում հետագայում ընդլայնման հնարավորությունները», - նշեց նա:
Պաշտոնական Մոսկվան հատկապես առաջին երկու տարիներին շատ սուր արձագանքեց այս զորավարժություններին։ Ափսոսանքի խոսքեր հնչեցին, մտահոգություններ, որ այդօրինակ զորավարժությունների միջոցով ամերիկացիները Հայաստանին պարտադրում են ՆԱՏՕ-ի զինված ուժերի չափանիշները և արտաքին քաղաքականությունը։ Արդյոք սրանք միայն դիվանագիտական կսմիթնե՞ր են, թե՞ կարող են հետևել նաև կոնկրետ գործողություններ։ Բենիամին Պողոսյանը կարծում է, որ Մոսկվայի համար կա 3 կարմիր գիծ, որ քանի դեռ չեն հատվել, այլ գործողությունների Կրեմլը չի դիմի։
«Այդ կարմիր գծերից առաջինն, իմ գնահատմամբ, Հայաստանում ռուսական ռազմակայանի գործունեությունն է, գիտենք, որ ըստ պայմանագրի, այն պետք է այստեղ լինի մինչև 2044 թվականը: Երկրորդ կարմիր գիծը թերևս Եվրասիական տնտեսական միության անդամակցությունն է, երրորդ կարմիր գիծը դե յուրե ՀԱՊԿ-ից դուրս գալը: Գիտենք, որ արդեն 1,5 տարի Հայաստանը սառեցրել է իրա անդամակցությունը ՀԱՊԿ-ին, սակայն սա քաղաքական որոշում է, ոչ իրավական, որովհետև իրավական հարթության մեջ չկա ՀԱՊԿ-ին անդամակցության սառեցում, նման հասկացություն ու նման հնարավորություն: Իմ գնահատմամբ՝ եթե այս երեք կարմիր գծերը չեն խախտվում, չեմ կարծում, որ մենք Մոսկվայից շատ կոշտ արձագանքի կամ շատ կոշտ քայլեր կտեսնենք», - ընդգծեց Պողոսյանը:
«Արծիվ -գործընկեր» ձևաչափով հայ-ամերիկյան փոխգործակցությանը զուգահեռ Հայաստանը հրաժարվեց մասնակցել ՀԱՊԿ զորավարժություններին։ Վերջին ասուլիսում վարչապետ Փաշինյանը առավել հավանական էր համարել, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, քան կապասառեցնի իր անդամակցությունը։ Երևանն իր այս գործողութույնները բացատրում է նրանով, որ «ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները՝ Հայաստանի անվտանգությունը ապահովելու ուղղությամբ 21-22 թվականներին ադրբեջանական ներխուժումների ժամանակ»։
Բենիամին Պողոսյանը, սակայն, նկատում է, որ Արևմուտքից Հայաստանին ամենևին էլ ՀԱՊԿ-ից հրատապ դուրս գալու ազդակներ չեն տալիս. - «Հակառակ ազդակներ է ստացել, որ պետք չէ շտապել ՀԱՊԿ-ից դե յուր դուրս գալու հարցում, որ անդամակցության սառեցումը ճիշտ քայլ է, սակայն ՀԱՊԿ-ից դե յուրե դուրս գալու հարցում չպետք է շտապել: Կարծես թե ավելի շատ նման ազդակներ են եկել թե՛ Միացյալ Նահանգներից, թե՛ Ֆրանսիայից, գոնե առնվազն Միացյալ Նահանգներում Բայդենի վարչակազմի օրոք: Ես չեմ կարծում, որ Հայաստանի դե յուրե ՀԱՊԿ-ին անդամակցությունը խոչընդոտ է Արևմուտքի համար: Մենք տեսնում ենք՝ նույն Ֆրանսիայի հետ կապված զարգանում են ինտենսիվ հայ-ֆրանսիական պաշտպանական հարաբերությունները թե՛ զենքի վաճառքի հետ կապված, թե՛ նաև որոշակի վերապատրաստումների հետ կապված, և երբեք Ֆրանսիայից որևէ իմպուլս չենք ստացել, գունե ես դրա մասին տեղյակ չեմ, որ Հայաստանի դե յուրե անդամակցությունը ՀԱՊԿ-ին խոչընդոտում է, ու եթե չլիներ այդ անդամակցությունը, մենք ի վիճակի կլինեինք ավելի շատ զինատեսակներ վաճառել: Այս ստատուս քվոն, որը կա, այսինքն, Հայաստանի դե յուրե մնալը ՀԱՊԿ-ի անդամ, դե ֆակտո անդամակցությունը սառեցված է, չեմ կարծում, որ սա որևէ կերպ խոչընդոտում է Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-ԱՄՆ պաշտպանական համագործակցությանը»:
Դեռ պարզ չէ, թե այս տարի քանի զինվորական կմասնակցի հայ-ամերիկյան համատեղ զորավարժությանը: 2023-ին, օրինակ, զորավարժություններին մասնակցել են 85 ամերիկացի և 175 հայ զինծառայողներ։