Արդեն չորս օր է՝ ուղևորները չեն կարող երևանյան տրանսպորտից օգտվելիս թղթային QR կոդերով վճարել: Իսկ չվճարողներին տեսուչները կտուգանեն՝ 3 հազար դրամ՝ ուղետոմսը չվավերացնելու համար, 10 հազար դրամ՝ ուղղակի չվճարելու, և 15 հազար դրամ՝ ուրիշի զեղչված ուղետոմսն օգտագործելու համար:
Քաղաքապետարանի տարածած տեսանյութում տեսուչը զգուշացնում է, որ տուգանել սկսելու են վաղվանից:
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում հայտարարեց՝ այս չորս օրերի ընթացքում տեսուչները բացատրական աշխատանքներ են իրականացրել, տուգանքների առումով վիճակագրություն դեռ չկա: Իսկ նրանց, ովքեր նախկինում վճարում էին միայն թղթային QR կոդերով և այժմ չեն ցանկանում ձեռք բերել տրանսպորտային փաթեթ, փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը խորհուրդ է տալիս օգտվել 10 ուղևորության տոմսից։ Այն վավեր է 45 օր, ինչը հնարավորություն է տալիս խուսափել անհարմարություններից, որոնք կարող են առաջանալ յուրաքանչյուր անգամ առանձին տոմս գնելու կամ ժամկետի հետ կապված խնդիրների դեպքում։
«Տրանսպորտային քարտը պարբերաբար լիցքավորել և օգտվել տրանսպորտային ծառայություններից: Շատ եմ հորդորում մեր քաղաքացիներին, որ տոմսերը ձեռք բերեն նախապես: Նախապես ոնց կարող են ձեռք բերել՝ քարտերը հնարավոր է լիցքավորել TelCell դրամապանակի միջոցով, TelCell տերմինալների միջոցով, transport.yerevan.am կայքի միջոցով, այսինքն՝ տանից, առանց, ինչ-որ, հերթ կանգնելու, ձեզ հարմար ժամանակ, ուղղակի նախապես, մուտք անելով քարտի համարը՝ լիցքավորել ուղետոմսերով և օգտվել», - մանրամասնեց Գրիգորյանը:
Փոխքաղաքապետն ասում է՝ օգոստոսի 1-ից թղթային QR կոդերով վճարելու տարբերակը չեղարկելուց հետո այդ 500-դրամանոց քարտերի պահանջարկը մեծացել է: Ըստ Գրիգորյանի հրապարակած թվերի՝ օգոստոսի 1-ին վաճառվել է 8 հազար 530 տրանսպորտային քարտ, մինչդեռ հուլիսի վերջին օրերին այդ թիվը չէր անցնում 1000-ը։ Ասաց՝ սա վկայում է, որ քաղաքացիները նախընտրում են կանխավ պատրաստվել՝ նվազեցնելով տեղում վճարման անհարմարությունները։ Բայց հենց օգոստոսի 1-ին մետրոյի կայարանների տոմսարկղերի մոտ գոյացած հերթերում «Ազատություն»-ը նաև դժգոհ քաղաքացիների էր հանդիպել:
Մեկանգամյա տոմսից բացի, Երևանում շարունակում են գործել տրանսպորտային մի շարք փաթեթներ։ Ամենաշահավետը, ըստ քաղաքապետարանի, 9 հազար դրամ արժողությամբ 30-օրյա անսահմանափակ փաթեթն է։ Հնարավոր է նաև վճարել բանկային քարտով՝ NFC սարքերին մոտեցնելով այն, առանց տերմինալի օգտագործման։ Գործում են նաև բջջային հավելվածներով QR տոմսերը։ Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ընդունում է, որ համակարգում տեխնիկական խնդիրներ կան, սակայն պնդեց՝ դրանք աստիճանաբար նվազում են։ Որոշ ավտոբուսներում արդեն տեղադրվել են երկրորդ վալիդատորները։
Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի խոսքով՝ միասնական փաթեթների արդյունավետությունն ավելի հստակ կերևար, եթե պահպանվեր 100-դրամանոց տոմսը և տրվեր փորձնական շրջան՝ հաշվարկներ ու բարեփոխումներ ծրագրելու համար։
«Մարդկանց ստիպում են էդ նույն թանկ փաթեթները առնել՝ շատ լավ հասկանալով, որ շատ հավանականություն կա, որ մարդիկ ամբողջապես իրենց ֆիքսած ժամկետներում չօգտվեն ծառայություններից, բայց միևնույն է՝ ֆիքսված գումարը որպես հասույթ մուտք լինի քաղաքապետարանի բյուջե: Այսինքն՝ մարդկանց գրպանը մտնելու հերթական դրսևորումն է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սուքիասյանը:
Փոխքաղաքապետը բանկային քարտով վճարումներ անողներին վստահեցնում է՝ քաղաքապետարանը չի ստանում որևէ տեղեկատվություն ուղևորի բանկային քարտի ֆինանսական շարժի մասին։ Վճարումը կատարվում է սովորական տերմինալի միջոցով՝ ինչպես խանութներում, երբ քարտը պարզապես մոտեցվում է սարքին։
Իսկ ինչպե՞ս են աշխատելու հսկիչները, տեխնիկապես ինչպե՞ս են ստուգելու և տուգանելու չվճարող ուղևորներին: Փոխքաղաքապետն ասաց՝ զինված են համապատասխան տեխնիկական սարքերով: Օրինակ, ինչպե՞ս են ստուգելու՝ մարդն իր բանկային քարտով վճարե՞լ է, թե՞ ոչ: Գրիգորյանի խոսքով՝ թե՛ բանկային և թե՛ տրանսպորտային քարտերով վճարումները ստուգվում են նույն մեխանիզմով. - «Դուք պահեցիք դա վալիդատորի վրա, ինքը արդեն ձեզ բաց թողեց, ինֆորմացիան ուղարկեց, ասեց՝ 43552397 էսինչ, էսինչ թիվը իմ մոտ վավերացում ա իրականացրել: Հսկիչը երբ որ մտնում ա ավտոբուս, էդ նույն համակարգից իրա սարքի վրա ինֆորմացիան գալիս ա, և երբ որ դուք էդ քարտը պահում եք, էդ սարքը գիտի, որ սա էս համարն ա, որը, այո, ստեղ վավերացում ա ունեցել»:
Լրագրողները հետաքրքրվեցին Գրիգորյանից՝ հաճախ են հնչում դժգոհություններ, որ ուղևորությունից հետո բանկային քարտերից կրկնակի գանձումներ են կատարվում: Ասաց՝ տրանսպորտում վճարումն իրականացվում է օֆլայն եղանակով, քանի որ ինտերնետի հասանելիությունն ավտոբուսներում անկայուն է, այսինքն՝ գումարը հաճախ գանձվում է ժամեր անց, երբ քարտն արդեն ինտերնետային համակարգի հետ կապ է հաստատում։ Ընդգծեց՝ սա կրկնակի գանձում չէ, այլ՝ նախորդ չվճարված ուղևորության մարում։
Ըստ փոխքաղաքապետի՝ հաճախ նաև անբավարար միջոցներն են խնդիրներ առաջացնում. - «Լինում ա, որ քաղաքացիները օգտվում են, էդ պահին իրենց, մետրոյի վրա օրինակը բերենք, հա՞՝ տուրնիկետը բացվում ա, գանձման փորձի ժամանակ պարզվում ա, որ քարտի վրա, օրինակ, անբավարար միջոցներ են: Էդ քարտը ընկնում ա սև ցուցակ, և պարբերաբար փորձ ա կատարվում էդ գումարը գանձել: Երբ որ անձը մոտենում ա, երկրորդ անգամ պահում ա և մերժում ա ստանում, համակարգը տեսնում ա, որ էն պարտք ունեցող քարտը իրան հիմա դիմում ա, և մի հատ փորձում ա էդ պահին գանձում իրականացնի, և շատ ժամանակ, երբ որ էդ գանձումը հաջողվում ա, ստացվում ա, որ մարդու տեսանկյունից՝ ինքը պահեց, մերժում ստացավ, բայց էդ պահին գանձում ա տեսնում, և իրա մոտ շատ արդար համոզմունք ա էդ պահին ձևավորվում, որ «ո՞նց, բայց հենց նոր մերժեց ու ինձնից գանձում իրականացրեց»: Բայց իրականում, բոլոր դեպքերում, որոնք ես ուսումնասիրել եմ, դա էն նախորդ պարտքի գանձումն ա լինում»:
Ի դեպ, շրջիկ տեսուչները Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի ծառայության տեսուչներն են: Այս պահին տրանսպորտում ստուգումներ են անում նրանցից 45-ը, առաջիկայում ևս 13 տեսուչ կմիանա այս խմբին. նրանք դեռ արտահագուստ չունեն: