ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ ճանապարհի թեման Ադրբեջանի պահանջով դարձել է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը՝ սիմետրիա ստեղծելու համար Լաչինի միջանցքի հետ։
«Ես ուղղակի տիրապետում եմ այդ ինֆորմացիային... <> Հիմա Ղարաբաղը չկա, Լաչինի միջանցքը չկա, բայց այդ թեման ինքն իր կյանքով շարունակում է ապրել։
Ղարաբաղի կորուստը հիմնականում կապված է հենց այն հանգամանքի հետ, որ Հայաստանը մերժել է 9-րդ կետի կատարումը, սկսել է մեկնաբանել՝ մենք այլ կերպ ենք հասկանում։ Մենք մերժել ենք այդ ճանապարհը: Ադրբեջանում, շատ բնական է, որ ասում են՝ հո մեզ հարիֆի տեղ չե՞ք դնում։ Պատերազմը դուք եք պարտվել, ամբողջ հայտարարության մեջ կա մեկ կետ, որը բխում է Ադրբեջանի շահերից, ու այդ կետը մերժում եք։ Դրան հետևեց Լաչինի միջանցքի փակումը և Ղարաբաղի կորուստը»,- «5–րդ ալիքին» տված հարցազրույցում ասել է Քոչարյանը։
«Հայաստան» դաշինքի առաջնորդի համոզմամբ՝ այս ամենը մի կողմ դնել ու բանակցությունները հասցնել այնտեղ, որ «Զանգեզուրի միջանցքն» ապրի որպես առանձին թեմա, աբսուրդ է։ Ըստ նրա՝ այդ թեման Ղարաբաղի կորստից հետո չպիտի գոյություն ունենար:
«Որ սա լինելու է միջանցքի տարբերակ, ես չեմ կասկածում: Մինչև այսօր բոլոր հայտարարությունները, որ անում էին Ադրբեջանում, ավելի ճիշտ էին դուրս գալիս, քան այն, որ արվում էր Փաշինյանի կողմից: Այսինքն՝ մեր նախորդ փորձը հուշում է, որ սա այդպես է լինելու:
Եթե խոսքը արտապատվիրակման մասին է, չի կարող պետությունն իր ֆունկցիան արտապատվիրակել մասնավոր ընկերության, սա պետական ֆունկցիա է», - շեշտել է Ռոբերտ Քոչարյանը։
Հայաստանի տարածքային ամբողջականությունը չի կարող արտապատվիրակվել, բայց կապուղիները կարող են, տարածաշրջանային ապաշրջափակման շուրջ բազմաթիվ բաց հարցերի պայմաններում ավելի վաղ հայտարարել էր վարչապետի մամուլի խոսնակը:
«Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը, իհարկե, չի կարող արտապատվիրակվել։ Երկաթուղու, խողովակաշարի, էլեկտրահաղորդման գծերի բիզնես–կառավարումը կարող է», - նշել էր Նազելի Բաղդասարյանը:
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ միջանցքային տրամաբանությունը մերժում է:
«Ոչ թե զիջման վտանգ է, ըստ էության այլ արդեն խոստումը տվել են, ես դրա մեջ ուղղակի կասկած չունեմ, խոսքը գնում է միջանցքի մասին: Եվ այն, ինչ ասել է Ղարաբաղում Ալիևը, համոզված եմ՝ հենց այն է, ինչ իրենք խոսել են Աբու-Դաբիում։
Ալիևը Նիկոլ Փաշինյանից ստացել է իր բոլոր ցանկությունների կատարումը։ Նիկոլ Փաշինյանը համաձայնում է ամեն ինչի հետ։ Սկզբից մերժում է, հետո մի քայլ հետ է քաշվում, հետո համաձայնում։ Ալիևը համոզված է, որ այստեղ Նիկոլ Փաշինյանը զիջելու է։ Իսկ Ալիևի ինչի՞ն է պետք ամերիկյան ընկերություն, Ալիևին պետք է ամբողջությամբ իր կողմից վերահսկվող միջանցք, նպատակը սա է», - ասել է Ռոբերտ Քոչարյանը։
Ապաշրջափակման հարցը թեև մեկ տարի է՝ տարաձայնությունների պատճառով Երևանն ու Բաքուն հանել են խաղաղության պայմանագրից, բայց փորձերը՝ հասնել որևէ լուծման, շարունակվում են: Ավելի քան մեկ ամիս առաջ հայտնի դարձավ, որ ամերիկյան կողմն է Երևանին ու Բաքվին առաջարկներ արել, շատ չանցած Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանը հայտարարեց, թե Վաշինգտոնն առաջարկում է 100 տարով վարձակալել Սյունիքով անցնող ճանապարհը: Վարչապետի աշխատակազմից պնդեցին՝ ԱՄՆ դեսպանի նշած տարբերակը հնարավոր չէ: Հետո երկու օր անց վարչապետը մամուլի ասուլիսում հաստատեց՝ ապաշրջափակման հիմնական քննարկվող տարբերակն ամերիկյանն է:
Ինչ վերաբերում է Ամենայն Հայոց կաթողիկոսի և Հայ առաքելական եկեղեցու շուրջ վարչապետ Փաշինյանի հայտարարություններին, ապա Քոչարյանն ասաց, թե չի հասկանում, թե որտեղ է այստեղ Փաշինյանի շահը:
«Ես շատ եմ մտածել, չեմ հասկացել, թե կուսակրոնությունը ինչ կապ ունի երկրի անվտանգության հետ, եպիսկոպոսների կուսակրոնության ուխտը ի՞նչ կապ ունի երկրի անվտանգության հետ: Ըստ էության, դա հարձակում է եկեղեցու վրա, ոչ թե Վեհափառի վրա», - հավելել է «Հայաստան» դաշինքի առաջնորդը, - «Նույն մոդելով, ինչպես ինքը քանդել է բանակը, հիմա ստեղծում է անվստահություն սրբազանների և Վեհափառի նկատմամբ, դրանով արդեն իսկ քանդում է եկեղեցու հիմքերը։ Այդ առումով շատ կանխատեսելի է։ Սա ուղիղ արշավ է եկեղեցու դեմ»:
Քոչարյանն անդրադարձել է նաև գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի կալանավորմանը և ստեղծված իրավիճակին՝ ասելով, որ դա «ֆանտաստիկ ապերախտություն է»: