«Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են այս շաբաթավերջին Վաշինգտոնում հայտարարել խաղաղության իրենց մտադրության մասին»,- X-ում գրել է Պետդեպարտամենտում հավատարմագրված լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն:
Ադրբեջանական «Թուրան»-ի թղթակիցը պնդում է, թե տեղեկությունը մի քանի աղբյուր է հաստատել, դրանց համաձայն սպասվում է նաև, որ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը ուրբաթ օրը Սպիտակ տանը կընդունի Նիկոլ Փաշինյանին ու Իլհամ Ալիևին:
Այս տեղեկությունները Հայաստանի վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության վարչությունը ո՛չ հերքել է, ո՛չ՝ հաստատել: Ու չնայած ամերիկյան պաշտոնական շրջանակներին մոտ լրագրողը նաև երկու ղեկավարների այցի ընթացքում սպասվող հայտարարության մասին է գրել, վարչապետի գրասենյակը շեշտը այցի վրա է դրել:
«Վարչապետ Փաշինյանի ԱՄՆ կատարելիք այցի մասին մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվությունը այս պահին չենք կարող ո՛չ հերքել, ո՛չ հաստատել: Նման այցերի պարագայում, բնականաբար, լինում է պաշտոնական հաղորդագրություն, և տեղեկատվությունը հաստատված կարելի է համարել պաշտոնական հաղորդագրության պարագայում», - հայտնում են Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Միևնույն ժամանակ, մի շարք հարցեր բաց են մնում. եթե Փաշինյանն ու Ալիևը մեկնեն, ի՞նչ հայտարարություն են պատրաստվում անել, ի՞նչ է նշանակում «խաղաղության մտադրության մասին» հայտարարություն:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է՝ եթե հանդիպումը կայանա, դա ԱՄՆ նախագահի PR միջոցառում կլինի, որը թույլ կտա Դոնալդ Թրամփին խաղաղության գոնե մեկ հաջողված պատմություն ներկայացնել:
«Իհարկե, բացառված չէ, որ ինչ-ինչ հանգամանքների պարագայում այդուհանդերձ որևէ չեղարկում լինի, բայց մեծ հավանականությամբ, դատելով արձագանքի բնույթից, պետք է ասել, որ այդպիսի հանդիպում թերևս սպասվում է», - ասաց Բադալյանը և նշեց, - «մենք տեսնում ենք, որ Թրամփը բարդություններ ունի ուկրաինական ուղղությամբ իր խոստացած խաղաղությանը կամ հրադադարին հասնելու, Իրանի հարցում որևէ հիմնարար լուծում չի նշմարվում: Ավելին՝ մենք տեսանք 12-օրյա պատերազմ, ու գուցե փնտրվում է որպես տարբերակ տեղեկատվաքարոզչական պատմություն կառուցել հայ-ադրբեջանական պրոցեսի վրա: Որովհետև ըստ ամենայնի խոսք կարող է գնալ ընդամենը նախաստորագրման ինչ-որ ակտի կամ ակցիայի մասին: Հասկանում ենք, որ այդ նախաստորագրումը որևէ բան չի պարտավորեցնելու կողմերին»:
«Ազատության» հարցն՝ նախաստորագրվող փաստաթղթում ի՞նչ կարող է լինել, նախապայմանները ադրբեջանական կարո՞ղ են լինել, նա պատասխանեց. - «Չեմ բացառում, որ հնարավոր է լինեն ձևակերպումներ, որոնք նաև դրանց անդրադառնան: Բայց ընդհանուր առմամբ կարծում եմ, որ այդ նախաստորագրում ասվածը ենթադրելու է հենց մտադրությունների վերհանում, ինչ-որ հանձնառությունների մասին արձանագրում»:
Ադրբեջանցի լրագրողը չի հստակեցրել՝ Վաշինգտոնում սպասվո՞ւմ է որևէ փաստաթղթի ստորագրում կամ նախաստորագրում, թե՞ դա բանավոր հայտարարություն է լինելու:
Փաշինյանն իր վերջին ասուլիսում հաստատել է՝ բանակցային սեղանին է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնեցված փաստաթուղթը նախաստորագրելու գաղափարը: Թե դա ի՞նչ է ենթադրում, չէր մանրամասնել: Երբ բուն պայմանագրի բոլոր կետերը դեռ մարտի կեսից համաձայնեցված, պատրաստ են, ինչո՞ւ պայմանագրի ստորագրման հարցը սահուն նախաստորագրման վերածվեց: Արդյոք նախաստորագրվող փաստաթղթում ադրբեջանական նախապայմաններին կլինի՞ անդրադարձ:
Խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար Բաքուն երկու նախապայման ունի՝ Հայաստանի սահմանադրության փոփոխություն, ղարաբաղյան հարցի կարգավորման համար ստեղծված Մինսկի խմբի լուծարում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետի կարծիքով՝ նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրինՀայ - ադրբեջանական օրակարգի գլխավոր մյուս հարցը խաղաղության պայմանագրից առանձին քննարկվող ապաշրջափակումն է: Բաքուն առանց ստուգումների և անխոչընդոտ ճանապարհ է պահանջում, այն կոչում «Զանգեզուրի միջանցք», մի տերմին, որ Երևանը մերժում է՝ փոխարենը ապաշրջափակման իր տարբերակը կոչում «Խաղաղության խաչմերուկ»՝ առաջարկելով պարզեցված անցում:
«Ըստ էության բոլոր հիմնական խաղացողներին այդպես ինչ-որ միջանկյալ հանգրվանային զարգացումը կարող է բավարարել, բայց կարծում եմ, դրանից ոչ ավելի: Գործնական արժեք անգամ ամբողջապես ստորագրված պայմանագիրը հազիվ թե ունենա, եթե այդ պայմանագիրը նույնիսկ չի պատասխանում բոլոր առանցքային հարեցին: Օրինակ՝ նույն ճանապարհների վերաբերյալ հարցին: Դա առանձին գործընթաց է, իսկ մենք գիտենք, որ աշխարհաքաղաքական նշանակության բուն հարցը հենց այդ ճանապարհների վերաբերվող հարցն է: Այսօրվա աշխարհում առավել ևս թղթով խաղաղություն չի ապահովվում, այլ խաղաղության գրավականն ուժերի բալանսն է», - նշեց Հակոբ Բադալյանը:
Հայտնի է, որ կա Ադրբեջանը Սյունիքով դեպի Նախիջևան կապուղու վերաբերյալ ամերիկյան առաջարկ, բայց պաշտոնապես դրա մանրամասները չեն հրապարակվել, իսկ մեկնաբանությունները ամենատարբեր են:
Հենց վարչապետն է հայտարարել, որ ճանապարհի բացման քննարկվող հիմնական տարբերակն ամերիկյանն է:
Անցած ամիս Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանը հայտարարեց, թե Վաշինգտոնն առաջարկում է 100 տարով վարձակալել Սյունիքով անցնող ճանապարհը: Վարչապետի աշխատակազմից պնդեցին՝ ԱՄՆ դեսպանի նշած տարբերակը հնարավոր չէ: Միևնույն ժամանակ հայտարարեցին՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը չի կարող արտապատվիրակվել։ Երկաթուղու ու մյուս ենթակառուցվածքներինը՝ կարող է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնն առաջարկում է 100 տարով վարձակալել Սյունիքով անցնող ճանապարհըԱրդյոք Վաշինգտոնում հանդիպման ընթացքում ապաշրջափակման հարցով որևէ կոնկրետ պայմանավորվածության մասին կհայտարարվի՞, սա էլ, մյուս հարցերի նման անհայտ է:
Թրամփը դեռ հուլիսի կեսին լավատես էր, թե հայ - ադրբեջանական հակամարտության լուծումը շատ մոտ է։
Փաշինյանի ու Ալիևի Վաշինգտոն հնարավոր այցի մասին ադրբեջանական պաշտոնական աղբյուրերը լռում են:
Անցած շաբաթ «Ռոյթերզը» գրել էր, որ Վաշինգտոնը քննարկում է Աբրահամի համաձայնագրերին Բաքվի միանալու հարցը: Ըստ գործակալության՝ ամերիկյան կողմի նախապայմանը, սակայն, հայ-ադրբեջանական կարգավորումն է: Այդ համաձայնագրին միացող երկրները ԱՄՆ-ից նաև արտոնություններ են ստանում: Ադրբեջանի դեպքում, ըստ իսրայելցի և ադրբեջանցի վերլուծաբանների, սեղանին է Կոնգրեսի կողմից Խորհրդային Միության փլուզումից հետո ընդունված 907-րդ բանաձևը, որով Բաքուն տարիներ շարունակ Վաշինգտոնից աջակցություն չէր ստանում։ Բացի այդ՝ Ադրբեջան-Իսրայել-ԱՄՆ եռակողմ համագործակցություն կնքելու հեռանկար կա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնը քննարկում է Աբրահամի համաձայնագրերին Բաքվի միանալու հարցը. Ըստ «Ռոյթերզի»՝ նախապայմանը հայ-ադրբեջանական կարգավորումն էԱլիևը չէր թաքցրել, որ պատրաստ է խորացնել հարաբերությունները Թրամփի վարչակազմի հետ, բայց արդյոք դրա դիմաց պատրա՞ստ է մինչև վերջ գնալ՝ ստորագրելով հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագիրը, թե՞ կբավարարվի միայն մտադրության մասին հայտարարությամբ: