Ապաշրջափակման հարցով Երևանի և Անկարայի դիրքորոշումները հաճախ համընկնում են. ԱԺ արտաքին հանձնաժողովի ՔՊ-ական անդամ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյան, արխիվ

Չնայած ապաշրջափակման հարցում Երևանն ու Բաքուն ունեն ակնհայտ տարբեր պատկերացումներ, այդուհանդերձ, իշխող «Քաղաքացիական պայմանագրից» պատգամավոր Հասմիկ Հակոբյանը համաձայն է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանի հայտարարության հետ, որ հաղորդուղիների բացման հարցով առաջիկա 1-2 տարում հնարավոր է հանգուցալուծում լինի: Ավելին՝ իշխանական պատգամավորը հույս ունի, որ այդքան էլ չի ձգվի, և հարցն ավելի շուտ կլուծվի: Իսկ այս պահին եղած տարաձայնությունները բնական է համարում, նախորդ տարիների փորձը հաշվի առնելով՝ կարծում է՝ կհասնեն համաձայնության:

«Ֆանատիկ հավատում եմ, որ էն նպատակները, որը մենք ի սկզբանե դրել ենք մեր առաջ, մենք էդ նպատակներին հասնելու ենք, որովհետև մենք դրա համար շատ մեծ ջանք ենք ներդրել ու անպայման հասնելու ենք էդ ամենակարևոր նպատակներին՝ ունենալ խաղաղություն, ունենալ բաց սահմաններ և ունենալ, բնականաբար, կհետևի դրան նաև տնտեսական զարգացումը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հակոբյանը;

Ու մինչ իշխանական պատգամավորն այսօր խոսում էր Հայաստանի համար կարևոր չորս սկզբունքների պահպանմամբ տարածաշրջանային ապաշրջափակմանը հասնելու մասին, թուրք դիվանագետը ադրբեջանական լրատվամիջոցի հետ զրույցում ընդգծել էր, իր ձևակերպմամբ, «Զանգեզուրի միջանցքի» բացման կարևորությունը: «Թյուրքական աշխարհին անհրաժեշտ է միջանցք ուղիղ հաղորդակցության համար, և այդ միջանցքը Զանգեզուրի միջանցքն է», - շեշտել էր դեսպանը:

«Ադրբեջանը՝ որպես հաղթող կողմ, իրավացիորեն է հայտարարում Զանգեզուրի միջանցքի բացման անհրաժեշտության մասին, ինչպես նախատեսված է նաև 2020-ի համաձայնագրով», - հայտարարել էր Բիրոլ Ակգյունը:

Բաքուն հենց 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը վկայակոչելով արդեն հինգերորդ տարին է՝ առանց ստուգումների և անխոչընդոտ ճանապարհ է պահանջում: Երևանում 44-օրյա պատերազմից հետո ստորագրված եռակողմ հայտարարությունն այլևս արդիական չեն համարում: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի իշխանական անդամն, չնայած Բաքվի հետ ակնհայտ տարաձայնություններին, տեսնում է, որ ապաշրջափակման հարցով Երևանի և Անկարայի դիրքորոշումներն են հաճախ համընկնում:

Հարցին՝ արդյոք դա նշանակում է, որ Թուրքիան կիսում է Հայաստանի պատկերացումը, որ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկու երկրների տարածքային ամբողջականության, իրավազորության, ինքնիշխանության և փոխադարձության պահպանմամբ, Հակոբյանն արձագանքեց. - «Հրապարակային խոսակցություններում էդ ամեն ինչը նաև բարձրաձայնում է, հիմա եթե դուք անգամ փնտրեք, կտեսնեք: Թուրքիայի կողմից ճանապարհների բացման, ենթակառուցվածքների ապաշրջափակման և հարաբերությունների կարգավորման և այլնի հետ կապված մեր խոսույթները շատ դեպքերում համընկել են, ինչը ես եմ մինչև հիմա նկատել»:

Ապաշրջափակման հարցը Երևանն ու Բաքուն անցած տարի տարաձայնությունների պատճառով հանել էին խաղաղության պայմանագրից, որպեսզի խաղաղության համաձայնագրի ճանապարհին խոչընդոտ չդառնա: Բաքվից պնդում էին, թե նպատակ ունեն հարցի քննարկմանը վերադառնալ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո: Փաստաթուղթը համաձայնեցված է, բայց Բաքուն այն ստորագրելու երկու նախապայման ունի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և Սահմանադրության փոփոխություն: Զուգահեռ պահանջում է Սյունիքով ճանապարհ:

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր կարծիք հայտնել, թե Երևանը առհասարակ պետք է հրաժարվի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցով բանակցություններից. - «Այն ծագել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից, որտեղ նշվում էր Հայաստանով անցնող ճանապարհ՝ ըստ էության հայելային կառուցվածքով Լաչինի միջանցքի համարժեք, որը մի ժամանակ կապում էր Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ։ Սակայն այսօր Լաչինի միջանցք այլևս գոյություն չունի։ Չկա նաև Լեռնային Ղարաբաղ՝ իր հազարամյակներ շարունակ այնտեղ բնակվող հայ բնակչությամբ։ Այդ հայելային համադրությունը, որի միջոցով Ադրբեջանը փորձում էր արդարացնել իր պահանջները, վաղուց պետք է փլված լիներ՝ սեփական անհեթեթության ծանրությունից։ Այն, որ դա տեղի չունեցավ, միակ պատճառը Հայաստանի դիվանագիտության լիակատար ձախողումն է»։

Իշխանական Հասմիկ Հակոբյանի խոսքով՝ Ադրբեջանի շահերից չի բխում հիշեցնել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը: Եռակողմ հայտարարության հիմնական կետերը խախտված են, այս պայմաններում Հայաստանն ունի՞ այդ փաստաթղթի՝ ապաշրջափակմանը վերաբերող 9-րդ կետը կատարելու պարտավորություն, «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորը հարցին ուղիղ չպատասխանեց. - «Դրա մեկնաբանումը, ինչպես ասացի, տարբեր է՝ մենք ինչպես ենք դա պատկերացնում և ինչպես ենք մեկնաբանում փաստաթուղթը, մյուս կողմը, որը նաև, էսպես, նույնական է ռուսական մեկնաբանության հետ, ինչպես է մեկնաբանում 9-րդ կետը»:

Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը երեկ նաև հայ - թուրքական կարգավորումից է խոսել: Ընդ որում, կրկին շեշտելով՝ այդ հարցում առաջընթացն ուղիղ կապ ունի հայ - ադրբեջանական գործընթացի հետ:

«Մենք ցանկանում ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը արագանա։ Եթե խաղաղության համաձայնագիրը ստորագրվի կամ նախաստորագրվի, և կատարվեն Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ պայմանները, ապա կարող է բացվել նաև հայ - թուրքական սահմանը», - ասել է Ակգյունը:

Երևանն ու Անկարան դիվանագիտական հարաբերություններ հաստատելու փորձերը վերսկսել են 44-օրյա պատերազմից հետո: Այս ընթացքում երկու երկրների հատուկ բանագնացները մի շարք հանդիպումներ են անցկացրել, սակայն ձեռք բերված պայմանավորվածությունները դեռ թղթի վրա են, թեև հենց սկզբից հայտարարել էին՝ կարգավորման են գնում առանց նախապայմանների:

Թուրք դեսպանի հայտարարությունը չի՞ փաստում, որ Թուրքիան շարունակում է նախապայմանների լեզվով խոսել, «Ազատության» այս հարցին ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. - «Մեր բանակցություններում թուրքական կողմի հետ էսպես կարմիր թելով բանակցությունների ընթացքում անցնում է էն էսպես կոչված նախապայմանը, որ մենք պետք է կարգավորենք մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ: Այսինքն՝ հայ - թուրքական հարաբերությունների մասին խոսելիս մենք կոնկրետ զգացել ենք, որ կարմիր թելով անցնում է, որ կարգավորումը, մեր հարաբերությունների կարգավորումը Ադրբեջանի հետ կարևոր է Թուրքիայի համար»:

Վարչապետ Փաշինյանի ու Թուրքիայի նախագահ Էրդողանի վերջին՝ հունիսյան հանդիպումից հետո Երևան - Անկարա հարաբերություններում որևէ տեսանելի տեղաշարժ չկա:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Անկարան դարձյալ «Զանգեզուրի միջանցքից» է խոսում, Երևանը պարզաբանում է՝ ինչ է պատրաստ արտապատվիրակել Սյունիքում «Սյունիքի դարպասը բաց է, Վահագն Խաչատուրյանը Բաքվի քարոզչական թեզերն է տարածում». Էդմոն Մարուքյան «Զանգեզուրի միջանցքին» որոշ պանթուրքիստական շարժումներ են աջակցում. Իրանի հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդականՍյունիքի ճանապարհը վարձակալելու ԱՄՆ առաջարկն ընդունելի չի եղել. իշխանական պատգամավոր«Զանգեզուրի միջանցքի» բացումը մեծ նշանակություն ունի, կամրապնդի Միջին միջանցքը. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան