Այսօր առավոտից Երևանի մետրոյի կայարանների տոմսարկղերի մոտ հերթեր էին: Չնայած դեռ մեկ ամիս առաջ Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ օգոստոսի 1-ից երևանյան տրանսպորտի համար այլևս հնարավոր չի լինի վճարել թղթային QR տոմսերով, բայց այսօր ուղևորներն անակնկալի էին եկել:
«Օրը մի բան փոխում են, ժողովուրդը գալիս է, փաստի առաջ կանգնում, չեն կարողանում մարդիկ աշխատանքի հասնել», - ասաց քաղաքացիներից մեկը:
«Էնպես արեք, որ ժողովրդին հեշտ լինի», - հավելեց մյուսը:
Ոմանք բանկային քարտեր չունեին, մյուսները դժգոհում էին, որ ստիպված են 500 դրամ հավելյալ վճարել լիցքավորման քարտ ձեռք բերելու համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Օգոստոսի 1-ից երևանցիները չեն կարողանա տրանսպորտի համար վճարել թղթային QR տոմսերովՈւղևորներից մեկը դստեր հետ էր փորձում անցնել ուղեփակոցը: Չնայած միանգամից մի քանի ուղեվարձի հաշվարկով էին լիցքավորել, բայց հնարավորություն չունեին տրանսպորտի միևնույն քարտով վճարել երկուսի համար: Ասաց՝ քիչ է օգտվում տրանսպորտից, ինչո՞ւ պիտի ստիպված լինի յուրաքանչյուրի համար առանձին 500-ական դրամ վճարել լիցքավորման քարտ ձեռք բերելու համար:
Ընդամենը մեկ օր Երևանում անցկացնող զբոսաշրջիկները ստիպված էին հրաժարվել մետրոյից: Ասացին՝ տաքսի կնստեն. «Մենք դա առնենք, ի՞նչ անենք, մի օրվա համար չարժե չէ՞»:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը դեռ հունիսի կեսերին էր հայտարարել, որ ցանկանում են վերացնել QR համակարգի թղթային տարբերակը. «Թղթային տարբերակով QR կոդերի վերացումը պետք է ապահովենք այս ամառվա ընթացքում, հետևաբար «ԹելՍել»-ի մեր գործընկերների հետ հասկացեք՝ որ ամսվանից սկսած, ամենայն հավանականությամբ, օգոստոսի 1-ից սկսած թղթային տարբերակով այլևս չպետք է գործեն QR-ները, մեր խնդիրներից մեկը նաև դա է»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանյան տրանսպորտի բարեփոխումներն ուշանում են. Ավինյանը հորդորեց վերացնել QR կոդով տոմսերըՔաղաքային իշխանություններն այս որոշման պատճառների թվում նշել են էկոլոգիական ու տեխնիկական խնդիրները:
«Դրանք աղբ են դառնում, էկոլոգիական առումով խնդրահարույց է, հետո հաճախ հերթեր են գոյանում տերմինալ սարքերի մոտ, երբեմն խնդիր է առաջանում դրանք տպվելու, որոշակի խնդիրներ են լինում, ու սարքերը դժվարությամբ են կարդում, որը նաև հերթ է առաջացնում արդեն ավտոբուսների մեջ», - ավելի վաղ ասել էր ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը:
Հայտարարությունից կես ամիս անց արդեն QR-ի թղթային տարբերակը վերացնելու որոշում ունեին: Մեկ ամիս անց էլ՝ այն կիրառության մեջ դրվեց իր նոր խնդիրներով: Ոմանք այսօր ձեռք էին բերում լիցքավորման տոմսերը, բայց սարքն այն չէր ճանաչում: Մետրոյի աշխատակիցը հորդորում էր սպասել անորոշ ժամանակով: