ՌԴ կառավարությունը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել դեպի ՀՀ Վերին Լարսով հացահատիկի տեղափոխման համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի տարածքից Հայաստան՝ Վերին Լարսի անցակետով հացահատիկ տեղափոխող բեռնատարների անցակետի կազմակերպման համար։ Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Օվերչուկը նշել է, որ հացահատիկ տեղափոխող բեռնատարների երթևեկությունը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավների պատճառով։

«Փորձում ենք հնարավորինս նվազեցնել Հայաստանի համար անհրաժեշտ հացահատիկի մատակարարումների ուշացումները», – ասել է Օվերչուկը։

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝ Վերին Լարսի ճանապարհով երթևեկությունը ժամանակավորապես արգելվել է՝ Ռուսաստանից դուրս եկող ուղղությամբ՝ հուլիսի 31-ի ժամը 18:40-ից մինչև օգոստոսի 1-ի ժամը 06:40՝ սելավների սպառնալիքի պատճառով։