ԱՄՆ հատուկ բանագնացը պատրաստվում է նոր այցով մեկնել Մոսկվա Ուկրաինայի հարցով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆ, Մոսկվա, 25-ը ապրիլի, 2025թ.

ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը նախատեսում է այս շաբաթ այցելել Մոսկվա՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցով բանակցությունների, հայտնել է ԱՄՆ նախագահը:

Ըստ ռուսական ՏԱՍՍ-ի՝ Ուիթքոֆի այցը տեղի կունենա օգոստոսի 6-ին: Սա կլինի նրա 5-րդ այցը Ռուսաստան, որը տեղի կունենա հրադադարին համաձայնելու պահանջով Ռուսաստանին Դոնալդ Թրամփի տված տասնօրյա ժամկետից առաջ: Այն լրանում է օգոստոսի 8-ին:

Թրամփն ասել է, որ Ռուսաստանը պետք է համաձայնի հրադադարին, որպեսզի խուսափի հետևանքներից: Իսկ ի՞նչ կլինի, եթե վերջնաժամկետը լրանա, իսկ Ռուսաստանը չհամաձայնի, Թրամփն ասել է. «Դե, պատժամիջոցներ կլինեն, բայց ... գիտեք, նրանք խորամանկ են և բավականին լավ են խուսափում պատժամիջոցներից։ Այնպես որ, տեսնենք, թե ինչ կլինի»:

Մինչ այդ Թրամփն, ի պատասխան ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև միջուկային հնարավոր պատերազմի մասին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունների, հայտնել էր, որ հրամայել է երկու միջուկային սուզանավ տեղակայել Ռուսաստանին մոտ համապատասխան վայրերում: «Ստիպված էինք դա անել: Սպառնալիք էր հնչել, որը, ըստ մեզ, տեղին չէր»,- ասել էր նա։

Երեկ էլ Newsmax-ին տված հարցազրույցում ասել է, որ սուզանավերն «ավելի մոտ են Ռուսաստանին»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միջուկային սուզանավերն ավելի մոտ են Ռուսաստանին․ Թրամփ

Ըստ Financial Times-ի՝ Թրամփը սրանով պարզապես ցանկանում է ճնշել Ռուսաստանին, որպեսզի առաջընթաց գրանցի Ուկրաինայի հարցում։ The New York Times-ն, իր հերթին, գրում է, որ միջուկային սուզանավերի տեղաշարժը Պենտագոնի ամենագաղտնի գործողություններից մեկն է, ուստի հայտնի չէ՝ արդյոք դրանք տեղակայվե՞լ են, թե՞ ոչ: Թերթը նաև հիշեցնում է, որ այս սուզանավերը կարող են հարվածել հազարավոր կիլոմետր հեռավորությունից, և դրանց վերատեղակայումը միայն կարող է բացահայտել դրանց գտնվելու վայրը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներն աշխատում են և պետք է ուժեղացվեն. Զելենսկի

Կրեմլից չեն բացառել, որ Թրամփի հատուկ բանագնացը Մոսկվա այցի ընթացքում կարող է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ: Կրեմլի խոսնակն ասել է, որ ուկրաինական խնդրի կարգավորման ուղղությամբ երկխոսությունը շարունակվում է, իսկ ԱՄՆ միջնորդական ջանքերը շատ կարևոր են, այդ թվում՝ ռուս - ուկրաինական ուղիղ բանակցությունների համատեքստում։

Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով սուզանավեր ուղարկելու մասին Թրամփի որոշմանը, ասել է, որ չէր ցանկանա ներգրավվել այս բանավեճում և մեկնաբանել Սպիտակ տան ղեկավարի հայտարարությունները, ապա բոլորին կոչ է արել զգույշ լինել միջուկային թեմաներով արտահայտվելիս:

«Ռուսաստանը շատ ուշադիր է միջուկային զենքի չտարածման հարցին, և կարծում ենք, որ բոլորը պետք է շատ զգույշ լինեն միջուկային հռետորաբանության հետ», - ասել է Պեսկովը:

Կրեմլի խոսնակը նաև ասել է, որ նախագահ Պուտինը պատրաստ է հանդիպել Ուկրաինայի նախագահի հետ, սակայն, այդ հանդիպումից առաջ պետք է մանրակրկիտ փորձագիտական աշխատանք արվի, համաձայնություն ձեռք բերվի բոլոր հարցերի շուրջ, ինչը դեռ չի արվել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը պատրաստ է հանդիպել Զելենսկու հետ. Պեսկով


Այս ֆոնին Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ Ռուսաստանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ևս 1200 գերի փոխանակելու մասին: Ցուցակների վրա աշխատանքը շարունակվում է, ասել է Վլադիմիր Զելենսկին. «Մենք պետք է բոլորին տուն վերադարձնենք՝ բոլոր զինծառայողներին և բոլոր քաղաքացիական անձանց, անկախ նրանից, թե որքան դժվար կարող է դա լինել»:

Զելենսկին նաև հայտնել է, որ Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել ռուսական «ստվերային նավատորմի» հրամանատարների նկատմամբ, որոնք ռուսական նավթ են տեղափոխում արևմտյան երկրների սահմանած գնից բարձր գնով։ Պատժամիջոցների տակ է հայտնվել 94 անձ՝ Ռուսաստանի, Հնդկաստանի, Վրաստանի, Բանգլադեշի և Չինաստանի քաղաքացիներ։

Reuters-ը գրել էր, որ չնայած Թրամփի սպառնալիքներին՝ Հնդկաստանը կշարունակի գնել ռուսական նավթը: Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը քննադատել է Նյու Դելիին՝ նշելով, որ այս քայլով Հնդկաստանը շարունակում է ֆինանսավորել Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմը:

«Նախագահ Թրամփը միշտ հիանալի հարաբերություններ է ունեցել Հնդկաստանի և վարչապետի հետ։ Բայց մենք պետք է իրատեսորեն նայենք այս պատերազմը ֆինանսավորելու խնդրին», - նշել է նա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփի հերթական վերջնագրին հետևեցին ռուսների նոր հարվածները Ուկրաինային, Չասով Յարի գրավումը

Այս ընթացքում իրադրությունը ռազմաճակատում մնում է լարված: Այսօր ռուսական զինուժը հայտնել է, որ «Կինժալ» գերձայնային հրթիռներով և անօդաչուներով հարվածել են ուկրաինական ռազմական օդանավակայանների: Երեկ էլ հրթիռակոծել էին Դոնեցկը, Խերսոնը, կա առնվազն յոթ զոհ, ավելի քան 20 վիրավոր, երեք զոհ էլ կա Զապորոժիեում: Նիկոլաևում հրթիռի հարվածից տուժել է յոթ մարդ, վնասվել են տասնյակ տներ: Օդեսայում հարվածներից հրդեհներ են բռնկվել:

Ուկրաինական զինուժն, իր հերթին, հայտնել է, որ Ղրիմում հարվածել է ռուսական ռազմական օդանավակայանի, ոչնչացրել մեկ կործանիչ, վնասել ևս չորսը: Հարվածել են նաև Սոչիի օդանավակայանի վառելիքի պահեստի, Վոլգոգրադի մարզում էլ՝ երկաթուղային կայարանի, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, գնացքներն աշխատում են ուշացումներով: Պեմզայում էլ հարվածել են էլեկտրոնիկայի գործարանի, իսկ Վորոնեժում, Ռյազանում և Սամարայում հարվածել են նավթի բազաների: Եվս հինգ բնակավայրի էլ հարվածել են Բելգորոդում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիևը հայտնել է Ղրիմին հասցված հարվածի մասին